Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ նախագծերի կառավարմանը։
Բացի տեխնոլոգիաների ոլորտում ունեցած նշանակալի դերակատարումից՝ Ռազմիկ Հովակիմյանն ակտիվորեն ներգրավված է նաև սոցիալական և կրթական նախաձեռնություններում։ Նա համագործակցում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հիմնադրամի՝ Leo Messi Foundation-ի հետ՝ հանդիսանալով Play Time Sports-Tech Holding-ի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը, որի նախաձեռնություններն ուղղված են նորարարության խթանմանը և թվային լուծումների զարգացմանը:
Ռազմիկ Հովակիմյանը համահիմնադրել է նաև Firebird AI ընկերությունը, որն ամենամեծ տեխնոլոգիական նախագծերից մեկն է նախատեսում իրականացնել Հայաստանում՝ շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումով արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծում։ Ծրագիրը կամրապնդի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշանակալի ազդեցություն կունենա տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի վրա՝ բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում։