«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հարց ուղղեց գլխավոր դատախազին՝ Սևանի ափին՝ պետական պաշտպանության տակ գտնվող տարածքներում գտնվող այլ գույքե՞րն էլ են ուսումնասիրության առարկա, թե՞ միայն ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանի գույքը։
«Ձեռքիս է 1900.5 մետր նիշից ներքև 339 նման սեփականություն, որի մեջ, օրինակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի դուստր է, ՔՊ վարչության անդամ էլ կա»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվեց՝ ում մասին է խոսքը։
Մանուկյանն արձագանքեց. «Պարոն Մելքոնյան, Ձեր աղջկա վերաբերյալ հող կա՞ Սևանում, էսա ցույց կտամ։ Նաև՝ Սասուն Միքայելյանի»։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խոսքն ուղղեց Գեղամ Մանուկյանին. «Իրականում, ձեր ցուցակը 1/3-ն է, 900-ից ավել է։ Եթե հիշողությունս չի դավաճանում, 991 գույք կա Սևանի ափին, և պատահական չէ, որ ես այդ թիվն անգիր հիշում եմ, ձեր ֆայլը, ենթադրում եմ, մեր կողմից կազմված ֆայլի մի մասն է։ Ամբողջ Սևանի ավազանով 2022 թվականի՝ առնվազն սեպտեմբերից ես եմ հանձնարարությունը տվել, զբաղվում ենք։ Միայն Սեյրան Օհանյանի գույքը չէ, այո, կան պաշտոնատար անձինք, պաշտոնավարող պաշտոնատար անձինք, ում հետ փոխկապակցված գույքն էլ կա և ուսումնասիրության առարկա է հանդիսանում»,- նշեց գլխավոր դատախազը։