Հասարակություն

Սպառողների շահերի պաշտպանությունը թևակոխում է զարգացման նոր փուլ. ՄՊՀ

2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից համատեղ մշակված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը։

Նշված փոփոխություններն ուղղված են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ և լիարժեք համակարգի ձևավորման ու գործարկման՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը։

Օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ի թիվս այլնի, սահմանվել են.

  • ապրանքի մեկ միավորի գնի ցուցադրման պարտադիր պահանջները,
  • անարդար առևտրային գործելակերպի տեսակները (մոլորեցնող և ագրեսիվ) և հիմնական դրսևորումները,
  • պայմանագրերում անարդար պայմանների նախատեսման հետևանքները,
  • տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարման կետանցի դեպքում գյուղմթերք մատակարարողի բազային տոկոսներ վճարելու պարտականություն,
  • բաժնեմասի ձեռքբերման որոշ գործարքների մասով տնտեսավարող սուբյեկտները ազատվել են դրանց իրականացման համար Հանձնաժողովի թույլտվությունը ստանալու պարտավորությունից։

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովին վերապահվել է սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունը, և այն վերանվանվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։

Բարեփոխումների փաթեթը ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից։