Հասարակություն

Տրանսպորտային ապաշրջափակումը ՀՀ-ի համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը Radar Armenia-ին հայտնել է.

«Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ՀՀ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն: Ինչպես հայտնի է, ՀՀ-ն առաջարկել է տարածաշրջանային փոխկապակցվածության իր տեսլականը՝ «Խաղաղության խաչմերուկը», որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել մի շարք միջազգային գործընկերների կողմից: Ավելին՝ Հայաստանն առաջարկել է այդ նախաձեռնությանը համահունչ մի շարք լուծումներ, որոնք կարող են ընդունելի լինել բոլոր ներգրավված կողմերի համար: Միաժամանակ, միջազգային տարբեր գործընկերներ ևս պարբերաբար իրենց գաղափարներն են ներկայացնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այդ թվում` երկու երկրների միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Քննարկումները շարունակվում են շահագրգիռ բոլոր գործընկերների հետ՝ շահավետ և տարածաշրջանի խաչմերուկային ներուժն իրացնող արդյունքների հասնելու նպատակով»։