Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդները պարտավոր են միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից քսան րոպեների ընթացքում թողնել պատահարի վայրը և ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե ավտոտրանսպորտային միջոցը պատահարի հետևանքով չունի այնպիսի տեխնիկական անսարքություն, որի առկայության դեպքում արգելվում է դրա շահագործումը: Այս մասին ասել է պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրենքների նախագծերի փաթեթը:
Պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Էդուարդ Աղաջանյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 2-ի` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում:
«Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը՝ հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող, հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե՛ տնտեսական և թե՛ առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար»,- նշել է հիմնական զեկուցողը:
Երկու մեքենայի մասնակցությամբ վթարից հետո 20 րոպեների ընթացքում պատահարի վայրից մեքենան չհեռացնելը 30 000 դրամ կարժենա։ Բացառություն են այն դեպքերը, երբ պատահարի հետևանքով ավտոմեքենան ունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը:
Էդուարդ Աղաջանյանի ներկայացմամբ օրենքների նախագծերի փաթեթը վերաբերելի է միայն երկու ավտոտրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս, և կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ: Նա մանրամասն ներկայացրել է նախագծի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներում արծարծված հարցերը, ASWA հավելվածի բովանդակային և տեխնիկական լավարկման, նույնականացման համակարգի ներդրման գործընթացը: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից, երբ նոր համակարգը կսկսի գործել, կվերանայվի առաջարկվող փոփոխությունը և սահմանվող ժամանակահատվածը կլինի առավելագույնը 5-ից 10 րոպե:
Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ վնասի՝ տեղում գնահատման մեխանիզմների, վթարված ավտոմեքենայի շահագործման թույլտվության վերաբերյալ: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ նախագծերի փաթեթի ընդունումից հետո էապես կբեռնաթափվեն փողոցները:
Գլխադասային՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:
Հարակից զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը: Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունմամբ կբեռնաթափվի երթևեկությունը խցանումներից, ինչպես նաև ակնկալվում է, որ կգրանցվի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում:
Ելույթներում պատգամավորները կարևորել են նախագծի ընդունման անհրաժեշտությունը:
Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: