ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր աշխարհը նշում է Թմրամիջոցների օգտագործման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը:
Վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում թմրամիջոցների չարաշահման, դրանց ապօրինի շրջանառության հետևանքով առաջացած խնդիրն ավելի արդիական ու տեսանելի են դարձել:
Շահագրգիռ գերատեսչությունների՝ իրավապահ մարմինների, առողջապահական ոլորտի, կրթության և սոցիալական ծառայությունների համագործակցությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը», որում ներառված են միջոցառումներ՝ խնդրի հաղթահարմանն ուղղված բոլոր ուղղություններով:
Համագործակցելով գործընկեր պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` առողջապահության նախարարությունը շարունակում է զարգացնել թմրամիջոցներից կախվածության բուժման համալիր ծառայությունները, ինչպես նաև` հանրային իրազեկման և նախազգուշացման նախաձեռնությունները։
Թմրամիջոցներն առաջացնում են ծանր կախվածության համախտանիշ՝ խիստ բացասական հետևանքներով։ Այն օգտագործողը կարճ ժամանակում կորցնում է`
- ֆիզիկական առողջությունը,
- հոգեկան առողջությունը,
- հմտությունները,
- հետաքրքրությունները:
Դեռահասներն ավելի խոցելի են թմրամիջոցների նկատմամբ, քանի որ դրանց գործածման հետևանքով շատ արագ է ձևավորվում կախվածության համախտանիշ։ Դրանք դեռահասների օրգանիզմի վրա թողնում են ծանր ախտաբանական ազդեցություններ`
- դիմադրողականության անկում,
- օրգանիզմի աճի և զարգացման դանդաղում,
- կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարում,
- հորմոնալ խանգարումների արդյունքում` վերարտադրողական համակարգի ախտահարում,
- քրոնիկ ինտոքսիկացիայի պատճառով ախտահարվում են բոլոր օրգան-համակարգերը, առավելապես` սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև` լյարդը։
Թմրամիջոցները սպառնալիք են յուրաքանչյուր քաղաքացու, նրա ընտանիքի, հասարակության համար։
Զե՛րծ մնացեք թմրամիջոցներ գործածելուց. դրանք վտանգավոր են առողջության և կյանքի համար։
Հիշե՛ք՝ նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է լինել ճակատագրական:
Խորհրդատվության և բուժման համար կարող եք դիմել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն:
012 27-27-27