Հասարակություն

Վթարավտանգ հատվածների բարելավումը նպաստել է ՃՏՊ-ների նվազմանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2021-2024թթ. իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ավտոճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերի, 1 միջպետական ճանապարհի 38.4կմ երկարությամբ հատվածի անվտանգության տարրերի բարելավման աշխատանքներ։

Ծրագրի ավարտից հետո (2024թ. վերջ) ՀՀ ՆԳՆ կողմից տրամադրված տվյալների հիման վրա կատարվել են վերլուծություններ, որոնք ցույց են տվել, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվել են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ, նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) քանակը (այդ թվում՝ մահվան ելքով)։ Մասնավորապես, 2019-2023թթ. միջին տարեկան ցուցանիշների նկատմամբ 2024թ. տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ ՃՏՊ-ների քանակը ծրագրի շրջանակներում ընդգրկված ճանապարհահատվածների վրա ընդհանուր առմամբ նվազել է 72.6 տոկոսով։

Նշենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։