Հունիսի 24-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ Դարպաս գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Դարպաս գյուղի բնակիչ 54-ամյա Աշոտ Ա․-ն է, ում մարմնի վրա առկա է եղել հարվածի և սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ։ Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով 17 տարեկան է և նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։