Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի 1991թ․ սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ․ Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևանին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացները։
«1996-2018թթ․ Երևանի կառավարման ներքո գտնվող մի շարք նախադպրոցական և կրթամշակութային հաստատությունների տարածքների օտարումները բազմիցս դարձել է հանրային քննարկման և մտահոգության առարկա։ Հաշվի առնելով առկա հետաքրքրությունը՝ նպատակահարմար է ստեղծել ավագանու քննիչ հանձնաժողով: Հիմք ընդունելով «Ազգային առաջընթաց» խմբակցության գրավոր առաջարկը՝ հանձնաժողովի ուսումնասիրության ժամանակաշրջանն ընդլայնվել է, ներառելով 1991-2025թթ․, ներառվել են նաև երաժշտական և սպորտդպրոցների տարածքների հնարավոր օտարումների գործարքները»,- նշված է հիմնավորման մեջ:
Քննող հանձնաժողովի անդամների թիվն առաջարկվում է սահմանել 12: Հանձնաժողովում ներկայացված կլինեն ավագանու 4 խմբակցություններից 3-ական անդամ, նախագահը կլինի նախագծի համահեղինակ, ՔՊ ավագանու անդամ Արմեն Գալջյանը։ Նախագծի մյուս համահեղինակը նույն խմբակցությունից Հայկ Միրզոյանն է։ Նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու հունիսի 24-ի նիստում։