Հասարակություն

ՆԳՆ-ն 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր է սկսում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի հետ։ Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։

Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։ Մարտա Կոսը հետաքրքրվել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներով՝ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով։

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա մանրամասնել ՆԳ նախարարության և դրա ենթակա ստորաբաժանումներում ընթացող համապարփակ ու համակարգային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև դրանց վերջնարդյունքը։ Հանձնակատար Կոսը դրական է գնահատել ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման ընթացքը:

Քննարկվել են նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ Փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանի կողմից վերջերս ընդունված նոր ռազմավարությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել ներկայումս բանակցվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի մասին, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7 միլիոն եվրո: