Հասարակություն

ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավ

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին։

«Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական և շրջապատի անվտանգության պահպանման հիմնարար սկզբունքները։

«Փոքրիկ փրկարար» գոտում ծանոթացան առաջին բուժօգնության կանոններին, սովորեցին ճիշտ արձագանքել տարբեր իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել ուրիշներին։

Իսկ «Փոքրիկ քաղաքացի» գոտին լի էր առաջին անգամ անձնագրային ծառայություններից օգտվող փոքրիկներով։ Երեխաները ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակում հետևեցին նույնականացման քարտի պատրաստման և տրամադրման ընթացքին՝ ծանոթանալով Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացի դառնալու գործընթացին։

Միջոցառման ողջ ընթացքը ուղեկցվեց խաղերով, քվեսթներով, նվերներով և անակնկալներով, որոնք երեխաների օրը դարձրին անմոռանալի ու տպավորիչ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։