Հասարակություն

ԱԳՆ խոսնակը հերքում է տարածվող լուրերը

Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ 

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ 

«ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի՝ պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական տարելիցով, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ: Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ: Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: