Մշակվում են կոնյակագործների աջակցության ծրագրեր, որոնք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետք է ապահովեն խաղողի անխափան մթերումները. հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա ընդգծել է, որ բրենդի սպիրտ արտադրողներին և խաղողագործներին միայնակ չեն թողնի։
«Այսինքն, մթերում-արտահանում տրամաբանության մեջ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք, բայց պայմանը պետք է լինի խաղողի անխափան և պատշաճ որակի մթերման գործընթացի կազմակերպումը։ Սա, կարծում եմ, խնդիրների լուծմանը կօգնի։ Մենք նաև այսօր կամ վաղը հանդիպում ունենք մեր կոնյակագործների հետ, քննարկումների արդյունքների ամփոփում մեր վրացի գործընկերների հետ»,- նշել է Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բողոքին։
Նախարարը նաև նշել է, որ կայցելի Վրաստան, եթե գտնի, որ դա էական ազդեցություն կունենա իրավիճակի վրա։
Հիշեցնենք, որ արտահանողները բողոքում են, որ Վրաստանում նրանց բեռները լրացուցիչ ստուգումների են ենթարկվում՝ խնդիրներ ստեղծելով Հայաստանից Ռուսաստան արտահանումների համար։