ՊՆ-ն առաջարկում է հնարավորություն տալ համապատասխան վճարի դիմաց պարտադիր զինծառայություն անցնել 2 տարուց պակաս. նախագիծն այսօր Կառավարության նիստում ներկայացրել է նախարար Սուրեն Պապիկյանը։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ ինչպես են ընտրվել ժամկետները, և ինչու է առաջարկվում պարտադիր ծառայության անցնելու սահմանային տարիք ընտրել հենց 32-ը։
ՊՆ նախարարն արձագանքեց. «Կրճատ ժամկետի 1 ամսվա տարբերակը վերաբերում է նվազագույն պատրաստությանը, որպեսզի քաղաքացին տիրապետի զենքից օգտվելու և տարրական զինվորական կանոններին, որովհետև այս երիտասարդները, որոնք այդ հնարավորությունը կստանան, միևնույն է՝ գրանցվելու են պահեստազորում, ի տարբերություն զարտուղի ճանապարհով ազատվող քաղաքացիների։ Այսօր մեր համերկրացիները մեզնից դժգոհում են, որ վարժական հավաքներին, օրինակ, նախկին գյուղապետի կամ համայնքի հարուստ երեխեքը չեն գնում, բողոքում են, որ նրանց հատուկ չենք տանում, բայց իրականում էդ մարդիկ ուղղակի չեն ծառայել բանակում և հաշվառված չեն պահեստազորում»։
Ինչ վերաբերում է տարիքային շեմին, Պապիկյանի խոսքով՝ դրանով փորձում են կանխել բանակից խուսափելու տարբերակը.
«Պատգամավորն առաջարկել էր սահմանել 37, մեր միակ տարբերությունն այն էր, որ սա պետք է անել աստիճանական։ Սա կազդի նրանց վրա, ում 18-ը նոր է լրանում։ Դա էլ՝ նրա համար, որպեսզի ուսումնական հաստատությունների միջոցով կեղծ գիտնականներ չունենանք, ովքեր 27 տարին լրանալուն պես ազատվեն զինծառայությունից։ Պետք է այդ արտոնությունից օգտվեն միայն իրական գիտնականները»,- նշել է Պապիկյանը։