Հասարակություն

Սահմանադրական բարեփոխումների համատեքստում մեկնել են Գերմանիա

ՀՀ պատվիրակությունն՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ, ճանաչողական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցել է «Դիմակայուն սահմանադրական բարեփոխում» խորագրով միջոցառմանը: Մասնակցությունը հնարավորություն է ընձեռել իրականացնել փորձի փոխանակում ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների համատեքստում ժողովրդավարական և իրավական պետության կառուցակարգերի, ինչպես նաև իրավունքի գերակայության ամրապնդման հարցերի շուրջ:

Այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու պետական մարմինների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, Բունդեսթագի, Արտաքին գործերի և Արդարադատության նախարարությունների, ոլորտին առնչվող տարբեր կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային փորձագետների և ակադեմիական բնագավառի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը, դատավորների ընտրության կարգը, Սահմանադրության և միջազգային պայմանագրերի կիրառության հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված փոփոխման ոչ ենթակա դրույթները, մարդու իրավունքների շրջանակը, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումներին հարակից մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը: Հանդիպումների արդյունքներով ձեռք են բերվել երկկողմ պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության հնարավոր ուղղությունները: Ճանաչողական այցն իրականացվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև Ազգային ժողովի պատգամավոր, Բարձրագույն դատական խորհրդի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկված հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: