Հասարակություն

Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը ճանաչողական այցով Լատվիայում էր

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ փուլ II» ծրագրի շրջանակում Հայաստանի դատական համակարգի պատվիրակությունը երկօրյա այցով Լատվիայի Հանրապետությունում էր՝ ուսումնասիրելու դատարանների կառավարման և արդիականացման լավագույն փորձը։ Ճանաչողական այցի հիմքում լավագույն փորձի փոխանակումն էր, նպատակը՝ դատական համակարգի կարողությունների կատարելագործումը դատարանների արդյունավետ կառավարման և դատական համակարգի բարեփոխումների իրականացման համատեքստում։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Լատվիայի արդարադատության խորհրդի, Ռիգայի մարզային դատարանի և Յուրմալայի դատարանի դատավորների հետ։ Գործընկերների հետ հիմնականում քննարկվել են գործերի բաշխման և դատարանների կառավարման արդյունավետ համակարգերը։ Այցի շրջանակում պատվիրակությունը ծանոթացել է դատական հաստատություններին՝ ամբողջացնելով Լատվիայի դատական համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև Լատվիայի դատարանների ադմինիստրացիայի, Դատական խորհրդի քարտուղարության և Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչների հետ:

Լատվիացի գործընկերները ներկայացրել են դատարանների արդյունավետ կառավարման համակարգերը, կատարողականի ցուցիչների և գործերի ծանրաբեռնվածության գնահատման մեթոդների կիրառումը, թվայնացման գործընթացները՝ ներառյալ էլեկտրոնային գործերի համակարգը, արհեստական բանականության կիրառումը, վիճակագրական վերլուծության միջոցով տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, հանրության և լրատվամիջոցների հետ հաղորդակցության ռազմավարությունները: