ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործը քննչական կոմիտեի առաջնահերթություններից է. ԱԺ-ում հայտարարել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանը՝ հավաստիացնելով, որ առաջիկայում արդյունք կլինի։
«Ներկայումս ակտիվ քննչական գործողություններ են կատարվում։ Բազմաթիվ համակարգված և մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել ԱԱԾ-ի կողմից՝ առանձին-առանձին հատվածներում անձանց նույնականացնելու, կազմակերպիչներին և դերակատարներին պարզելու ուղղությամբ։ Հավաստիացնում եմ, որ հենց հիմա քննչական ստորաբաժանումը կատարում է անհետաձգելի քննչական գործողություններ, և շուտով արդյունքներ կունենանք, որովհետև, ի պատիվ ԱԱԾ-ի, բազմաթիվ անձանց արդեն նույնականացրել ենք»,- նշեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրեցին հրադադարի եռակողմ համաձայնագիրը, մահափորձ տեղի ունեցավ այն ժամանակ ԱԺ նախագահ, այժմ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դեմ. հավաքված ամբոխը հարձակվել էր Միրզոյանի մեքենայի վրա, ապա՝ ծեծել նրան։ Այժմ այս գործը քննվում է դատարանում։