Հասարակություն

Ծեծկռտուք Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհիների միջև․ պարզաբանում

Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՊՏՀ-ում։ Միջադեպը տեղի է ունեցել ուսանողուհիների միջև։ Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմել է ՀՊՏՀ-ին, Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը հաստատել է տեղեկությունը։ Ուսանողուհին հեռացվել է համալսարանից։ 

«ՊՈԱԿ ուսանողուհիներից մեկը խախտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության էթիկայի (բարեվարքության) կանոնակարգի 9-րդ կետի 3)-րդ, 5)-րդ և 8)-րդ ենթակետերով, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպության ներքին կարգապահական կանոնների 22-րդ կետի 11)-րդ, 12)-րդ և 13)-րդ ենթակետերով, ինչպես նաև Առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգի 27-րդ կետի 6)-րդ, 7)-րդ և 12)-րդ ենթակետերով սահմանված պահանջները։

«Մասնավորապես, ուսանողուհին խախտել է համալսարանի տարածքում հաստատված օրինակելի վարքագծի նորմերը՝ ցուցաբերելով ակադեմիական միջավայրին անհարիր վարքագիծ, ինչն արտահայտվել է մեկ այլ ուսանողուհու նկատմամբ անհանդուրժողականության, բանավոր խոսքում անհարգալից վերաբերմունքի, կոպտության և վիրավորական արտահայտության ու պիտակավորման դրսևորմամբ։

Համալսարանի ռեկտորատը դեպքի առթիվ կազմակերպել է արտահերթ նիստ և լսել է ուսանողուհու մեկնաբանությունները, ով չի հերքել այլ ուսանողուհու վիրավորելու և ապտակելու հանգամանքը։ Նիստի արդյունքում համալսարանի ռեկտորատը քվեարկությամբ միաձայն առաջարկել է ռեկտորին՝ առաջնորդվելով Առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերում ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգի 29-րդ կետի և 30-րդ կետի 3)-րդ ենթակետի դրույթներով, համալսարանի ներքին կարգապահական կանոնների խախտման համար ուսանողուհուն ազատել համալսարանից, ինչն իրականացվել է։

Միջադեպին մասնակից մյուս ուսանողուհին և միջադեպին ներկա նրա համակուրսեցիները սահմանված կարգով տվել են գրավոր բացատրություններ դեպքի առնչությամբ, ինչին համալսարանի ռեկտորատն անդրադառնալու է մայիսի 9-ին նշանակված նիստում»,- ասվում է պատասխանում։