Հասարակություն

Կրակոցներ՝ Գարեգին Նժդեհի հրապարակում․ կրակողը 15-ամյա տղա է

Ոստիկանության Շենգավիթի բաժնում մայիսի 5-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 00։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում ավտոմեքենաները վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Toyota Camry և Opel մակնիշի ավտոմեքենաների վարորդների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, իսկ հարակից բնակելի շենքերից մեկից կրակոցներ են արձակել, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Իրավապահները պարզել են, որ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 30-ամյա Հայկ Ս․-ն, իսկ ուղևորը Երևանի բնակիչ 17-ամյա Տիգրան Ս․-ն, Toyota Camry-ն՝ Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Հ․-ն։ Ոստիկանները պարզել են նշված անձանց գտնվելու վայրը, և տարված բացատրական աշխատանքի արդյունքում վերջինները ներկայացվել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ժամեր անց Շենգավիթի ոստիկանները պարզել են որ բնակարանից են կրակոցներ արձակվել, և բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են ներկայացել Երևանի բնակիչ, 42-ամյա Վահագն Գ․-ն և 15-ամյա Արամ Խ․-ն։ Վահագն Խ․-ն ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակի նմանվող զենք և հայտնել է, որ այդ օրը գիշերը նշված զենքով պատուհանից իր որդին է օդ կրակել, երբ տեսել է, որ 3 մարդ վիճաբանում և քաշքշում են իրար ու նրանց վախեցնելու նպատակով է օդ կրակել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բոլոր անձինք, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը Շենգավիթի ոստիկանությունը ներկայացրել է քննչական բաժին։