ԱԺ ՊՈւ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն անդրադարձել է իր գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Կարեն Բադալյանի՝ ինքնաբացարկի դիմումից հրաժարվելուն։ Նա նշել է, որ Բադալյանն իր լիազորությունները դադարեցված համարելու արձանագրությունից 2 օր հետո դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով ինքնաբացարկի դիմումից, նաև մեկ այլ դիմումով հայտարարել է «Մեր քաղաքը» խմբակցությունից դուրս գալու մասին։ Բացի այդ, Բադալյանը նաև դիմել է դատարան՝ մանդատը վերականգնելու համար։ Գրիգորյանն ասաց, որ քանի օր է՝ Բադալյանի հետ կապվել չեն կարողանում.
«Կարենի հետ լավ հարաբերություններ են եղել, մշտապես մեր աջակիցներից է եղել ընտրությունների ժամանակ, նոր մարդ չէ մեզ համար»։
Ըստ Գրիգորյանի՝ երբ Բադալյանն իրեն տեղեկացրել է ինքնաբացարկի մասին, ինքը խնդրել է, որ մնա և վերցնի մանդատը, սակայն թեկնածուն հակառակն է պնդել. «Այն ժամանակ ինձ համար այնքան էլ հասկանալի չէր, թե ինչ խնդիր կա։ Բայց այդքան խնդրանքից հետո այսօր նա, կպած, մանդատը ետ է ուզում։ Մեզ հետ բացարձակ ոչ մի պրոբլեմ չի ունեցել»։
Նա նշել է, թե հետևությունները թողնում է ժողովրդին․
«Ես կարող եմ վերլուծել ու ասել, որ ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածն, ու այս ամենը դրա հետևանքներն են»,- ասել է նա՝ հավելելով, որ սա առաջին քայլն է։