Հասարակություն

Մանկապարտեզի սննդի կետի աշխատանքը դիտարկվել է վտանգավոր

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացված վերահսկողությամբ փաստվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնց պարագայում հանրային սննդի կետի աշխատանքը դիտարկվում է վտանգավոր:

Այսպես՝

- խոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով, չորացման հիգիենիկ սարքերով,արհեստական օդափոխության համակարգերով, անձնակազմի համար հանդերձարանով,
- հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
- դեպի դուրս բացվող պատուհաններն չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
- սեղանների մակերեսները եղել են անհարթ ու ճեղքերով՝ բացառելով հեշտությամբ մաքրելու և ախտահանելու հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: