Հասարակություն

Սևանա լճում շարունակվում են Երևանի բնակիչ՝ 43-ամյա տղամարդու մարմնի որոնողական աշխատանքները

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները շարունակում են Սևանա լճում կատարել որոնողական աշխատանքներ՝ Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի դին հայտնաբերելու ուղղությամբ, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 5-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին էին  դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել էին, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ էին կատարել, որտեղ հայտնաբերել էին Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, իսկ ավտոմեքենայից բավականին հեռու լճի ափին նրա հագուստներն ու հողաթափերը։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի և Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Նարեկ Հարությունյանն ու Արտյոմ Սիսակյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի Ստեփան Հակոբյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետի, Մարտունու քննչական բաժնի պետի և նույն քննչական բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև փորձաքրեագիտական վարչության Արևելյան բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Դանիել Մոսիկյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու փրկարարական ջոկատից և Սևանի ջրասուզակներից։

Ջրասուզակները որոնողական աշխատանքներ էին կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր էր որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել էր, ապա լողանալու նպատակով մտել էր Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Նրա հագուստները հայտնաբերվել էին ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Որոնողական աշխատանքներին մասնակցում էին նաև գյուղացիները և որոնվողի հարազատներն ու ընկերները։
© https://shamshyan.com/hy/article/2024/09/07/1268848