Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ համատեղ աշխատանքային այց է կատարել Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում կառուցման ընթացքի մեջ գտնվող «Մասրիկ-1» արեւային ֆոտովոլտային կայանի շինհրապարակ:
Աշխատանքներն իրականացնող «Stigen» ընկերության ներկայացուցիչներըներկայացրել են, որ Գեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը, որը զբաղեցնում է 130 հեկտար տարածք և կունենա 62 մեգավատ հզորություն։
Շինարարությունը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից, որտեղ ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
«Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128.332 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տնտեսության էներգետիկ կարիքները։ Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։
Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։ Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան։