Հասարակություն

Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակը և հասանելիությունը կբարձրանա

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է ««Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ նրա, նախագծով առաջարկվում է վավերացնել Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) 27-րդ համագումարի շրջանակում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը:

Նշվել է, որ համաձայնագրով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում` թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները, սահմանվում են նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:

Ըստ փոխնախարարի` օպերատորների միջեւ կնքված պայմանագրով սահմանվում են դրամական փոխանցումների արժույթը, մեկ գործարքի առավելագույն գումարը, փոխանցումների վճարման առավելագույն ժամկետը, փոխհաշվարկի պարբերականությունը, իրականացման տեխնոլոգիան, կողմերի պատասխանատվությունը, պարտավորությունները եւ այլ դրույթներ:

Նշվել է նաեւ, որ համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության նշանակած օպերատորին ներգրավել ֆինանսական վճարումների ծառայությունների բոլոր տեսակի ցանցերում, որը հնարավորություն կընձեռի ՀՓՄ ցանկացած անդամ պետության հետ հնարավորինս սեղմ ժամկետներում փոստային դրամական փոխադրությունների փոխանակում իրականացնել ե'ւ թղթային, ե'ւ էլեկտրոնային եղանակով:

Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականից անդամակցում է ՀՓՄ-ին, որը Միջկառավարական միջազգային կազմակերպություն է եւ ունի ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության կարգավիճակ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: