Հասարակություն

«Այս երկրաշարժերը Հայաստանի համար որևէ վտանգ չեն ներկայացնում». սեյսմոլոգ

«Ուժգին երկրաշարժից հետո հետցնցումները բնական գործընթաց են, և սա կարող է շարունակվել տարիներ։ Դրանք առաջին երկու տարին շատ ակտիվ կլինեն, իսկ հետո տասնյակ տարիներով անընդհատ կլինեն ցնցումներ»Radar Armenia-ի հետ զրույցում ասաց սեյսմոլոգ Սերգեյ Նազարեթյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Սիրիայի սահմաններին տեղի ունեցած ուժգին երկրաշարժին հաջորդած ցնցումների հաճախականությանը։

Մասնագետի պնդմամբ՝ դրանք մեր տարածաշրջանի ու Հայաստանի համար վտանգ չեն ներկայացնում. «Մեր սեյսմիկ իրավիճակի վրա այս երկրաշարժերը ազդել չեն կարող, որովհետև այդ բեկվածքը չի մտնում ՀՀ տարածք»։

Նազարեթյանից հետաքրքրվեցինք՝ նորագույն տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում սարքավորումները թույլ տալի՞ս են նախապես կանխորոշել երկրաշարժը։ 

«Երկրաշարժը կանխատեսելու համար անհրաժեշտ են լավ մասնագետներ։ Դրա համար պետք են տարբեր դիտարկումներ ու փաստացի նյութեր՝ սեյսմիկ, երկրաքիմիական, հիդրոերկրաբանական փորձաքննություններ, որոնց հիման վրա միայն կարելի է հետահայաց կանխատեսում անել»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ խնդիրը լուծված չէ ամբողջ աշխարհում, և սարքավորումները կարող են օգնել միայն հուսալի տվյալներ ստանալու համար, սակայն ճշգրիտ կանխորոշել հնարավոր չէ։

Նազարեթյանը մատնանշեց Իտալիայի օրինակը, երբ երկրաշարժի հետևանքով եղան ավերածություններ, մարդկային զոհեր։ Ու թեև իտալացիները բավական բարձր մակարդակ ունեն սեյսմաբանության բնագավառում, դատական գործընթաց սկսեցին մասնագետների դեմ, որ չէին կանխատեսել երկրաշարժը. «Ամբողջ աշխարհի սեյսմաբանները խոստովանեցին, որ կանխատեսման խնդիրը դեռ լուծված չէ, և այդ դատավարությունը չկայացավ։ Աշխարհում աշխատում են խնդիրը լուծելու համար, բայց հիմնական ուշադրությունն ու ջանքեր գործադրում են սեյսմակայուն շենքեր կառուցելու վրա»։

Հայկ Մագոյան