Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ և առաջատար Լևոն Արոնյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և կոչ է արել իր բոլոր ընկերներին տարածել իր ուղերձը, օգնել արցախցիներին։
«Այս պահին, երբ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային արձակուրդներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանք կանգնած են էքզիստենցիալ սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հայաստանը ավերիչ կորուստներ է ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրում նշված է, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա ռուսական խաղաղապահ ուժերը ծաղրի են ենթարկվում ադրբեջանցի «բնապահպանական ակտիվիստների» կողմից, որոնք տարբեր կեղծ պատրվակներով փակում են ճանապարհը»,- գրել է Արոնյանը։
Շախմատիստը կոչ է արել բոլոր նրանց, ում ուժերի սահմաններում է, օգնել իր հայրենիքին՝ ուղերձը տարածելով և ուղիներ գտնելով օգնելու մեծ կարիքի մեջ գտնվող մարդկանց։