Հասարակություն

Նախկին նախագահի ու վարչապետի պետական պահպանությունը ցմահ չի լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է ԱԱԾ-ից առանձնացնել պետական պահպանության ծառայությունը, որ կդառնա վարչապետին ենթակա մարմին:

Նրա խոսքով. «Կարևոր կետերից մեկն էլ այն է, որ նախկինում նախագահներին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն, հիմա փոփոխություն է կատարվում օրենքում. այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթողությունից հետո 7 տարի, վարչապետի դեպքում՝ 10 տարի։ Կարծում եմ՝ սա կարևոր բարեփոխում է»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դա լինելու է ըստ անհրաժեշտության. «Եթե լինի անհրաժեշտություն, հետագայում երկարաձգելու հնարավորություն կտրվի»։ 

Ըստ Փաշինյանի. «Սա նաև ԱԱԾ-ի բարեփոխումների շրջանակներում է: Եկանք այն եզրակացության, որ արժե այս փոփոխությունն անել, այդ թվում՝ ԱԱԾ-ին իր բուն գործառույթների վրա կենտրոնանալու հնարավորություն տալով: ԱԱԾ-ն երեք հիմնական ուղղություններով պետք է զբաղվի, առաջինը՝ հակահետախուզություն, և այդ առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի, երկրորդը՝ ահաբեկչության դեմ պայքար, և երրորդը՝ սահմանադրական կարգի պահպանություն»։