Հասարակություն

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել Հայաստանին տրամադրել ֆինանսական և տեխնիկական աջակցություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Նունե Հովհաննիսյանը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստին։ Քննարկմանն անդրադարձ է եղել տարբեր հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ուղղությամբ համագործակցությանը:

Երկխոսությունը ներառել է թեմաների լայն շրջանակ: Նաև մտքեր են փոխանակվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական զարգացումների, բարելավման ենթակա ուղղությունների, ընտրական համակարգի հետագա բարելավման ծրագրերի շուրջ։

ԿԸՀ-ի կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է բարելավման ենթակա հետևյալ առաջնային ուղղությունները՝ գենդերային հավասար ներկայացվածության բարելավում, հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության բարելավում, ընտրական գործընթացի և նախընտրական քարոզարշավի անկողմնակալ և հավասարակշռված լուսաբանում, քարոզարշավի ֆինանսավորման վերահսկման լուծման մեխանիզմներ:

ԵՄ-ն հանձնառություն է ստանձնել շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցություն: