Հասարակություն

Գազի գնի մեջ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ գազի սակագնի փոփոխություններին։

Նրա խոսքով, գազի գնի մեջ տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ։ ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, այսինքն՝ միավոր ջերմատվությունն ավելացել է. «Ըստ էության, ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խորանարդ մետր գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել: Դուք գիտեք, որ Եվրոպայում 1000 խմ գազի գինը հասել է 2400 դոլարի: Այս իրավիճակում գազի շուկայի նկատմամբ զգայունությունն ավելանում է:

Մենք միջոցներ ենք ձեռնարկել ՀՀ գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար պահպանելու համար: Այստեղ պարզապես ավելացել է կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար անապահով ընտանիքների համար չի հաշվարկվում: Դրան գումարած՝ մենք նաև որոշակի փոխհատուցում ենք տալիս մեր սահմանամերձ գյուղերի բնակիչներին: Կարևոր է, որ տեղի ունեցածը ճիշտ համատեքստում ներկայացվի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատել՝ ինչ է տեղի ունենում»։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց. «Անկախ թե՛ էներգակիրների գնի ռեկորդային աճից, թե՛ արտարժույթային հանգամանքներից՝ շուրջ 100.000 ընտանիքներ սակագնային որևէ փոփոխություն չեն զգալու»։

Իսկ սահմանամեձեր ընտանիքներին անդրադառնալով՝ փոխվարչապետն ընդգծեց, թե կա բյուջետավորված միջոցառում, և տարբեր սակագներից կախված՝ սակագինը միջինում լինելու է 50% զեղչված։

Հիշեցնենք՝ մարտի 1-ին ՀԾԿՀ-ն սահմանել է բնական գազի նոր սակագներ. որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից։