ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խոռխոռունու սպանության բացահայտման մասին: Մեկ անձ ձերբակալվել է:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ս.Ա-ն այն ժամանակ լինելով զինծառայող, նա նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել փոխնախարար Խոռխոռունու սպանությունը:
Նա պայմանավորվածություններ է ձեռք բերել ԼՂ երկու բնակչի՝ Հ. Ն.-ի և Ա. Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է 10 և 15 հազար դոլար:
Նա Հ. Ն.-ից ձեռք է բերել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ խլացուցիչով, իսկ փամփուշտները ինքնաշեն ձևով վերամշակվել են՝ ձայնը նվազեցնելու նպատակով:
1998 թ. դեկտեմբերի 10-ի գիշերը, Հանրապետության հրապարակից ուղևորվելով Խոռխոռունու տան մոտ, նրանք դարանակալել են, իսկ մուտքում Ս. Ա.-ն և Ա. Ա.-ն արձակել են 5 կրակոց, ինչի հետևանքով Խոռխոռունին մահացել է: Նրանց հետ է եղել նաև Հ. Ն.-ը, որը սպասել է մեքենայում:
Radar Armenia-ի տեղեկություններով՝ ձերբակալված Ս.Ա-ն Սասուն Առուշանյանն է:
Ո՞վ էր Վահրամ Խոռխոռունին
Վահրամ Խոռխոռունին ծնվել էր 1951 թ. Երևանում: Սպանության պահին նա 47 տարեկան էր, զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և համակարգում էր սպառազինության ոլորտը:
Ավարտել էր ԽՍՀՄ ՆԳՆ Գորկու միլիցիայի բարձրագույն դպրոցը, ապա՝ ՌԴ ՆԳՆ ակադեմիան:
Տարբեր պաշտոններ է զբաղեցրել միլիցիայի համակարգում: 1993-1994 թվականներին եղել է ԼՂՀ ներքին գործերի փոխնախարար, 1994-1997 թվականներին՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, 1997-1998 թվականներին՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար:
Նա եղել է ազդեցիկ դեմքերից մեկը: Ժամանակին գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման, բանակաշինության, ՀՀ ԶՈՒ սպառազինության աշխատանքներին:

Ի՞նչ էր գրել մամուլը Վահրամ Խոռխոռունու սպանությունից հետո
Խոռխոռունու սպանության հաջորդ օրը «Առավոտ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տեղեկատվության համաձայն, մարդասպանը (կամ մարդասպանները) արձակել է յոթ կրակոց, որոնցից երեքը՝ կրծքավանդակի, երկուսը՝ գլխի շրջանում, երկուսն էլ վրիպել են: Նույն պաշտոնական տեղեկատվության համաձայն, գործի առիթով սկսված նախաքննությունը գտնվում է ՀՀ դատախազության վարույթում:
Երեկ մեզ հաջողվեց պարզել հետևյալը. վերջին շրջանում Վ. Խոռխոռունին երկու բնակարան էր գնել Չարենց-Լերմոնտով խաչմերուկի վրա գտնվող շենքում և այնտեղ էլ բնակվում էր: Հարևանների վկայությամբ՝ Խոռխոռունին աշխատանքից սովորաբար ուշ էր վերադառնում: Ծառայողական ավտոմեքենաները՝ «Նիվա», «ԳԱԶ 31», սովորաբար ինքն էր վարում: Անցած գիշեր նա տուն էր եկել «ԳԱԶ 31» ավտոմեքենայով:
Մեզ որևէ կերպ չհաջողվեց պարզել՝ նա անմիջապե՞ս աշխատանքից էր տուն վերադառնում, թե՞ որևէ այլ վայրից:
Նրա մուտքի անմիջապես հարևանությամբ շենքի կամարն է: Հարևանների վկայությամբ՝ վերջին մի քանի օր էլեկտրալարը կտրված էր, և կամարը չէր լուսավորվում: Սպանության պահին բոլոր արթուն հարևանները հեռուստացույց էին դիտում, հետևաբար շատ քչերն էին լսել կրակոցները: Հարևաններից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ լսել է 4-5 կրակոց հիշեցնող ձայն և ուղեկցող գոռոցներ»:
Արդեն 1999թ. հուլիսի 16-ին «Առավոտ»-ը գրեց. «Վահրամ Խոռխոռունու սպանության գիշերը Արմավիրի մարզի ճանապարհներից մեկի վրա մի երիտասարդի դիակ էր հայտնաբերվել և վարկած կար, թե այդ սպանությունները փոխառնչվում են (ասենք, Խորխոռունու սպանությունը կատարողն էր, որին ոչնչացրել էին եւ այլն)։ Այժմ հայտնաբերվել է այն ավտոմատը, որով իրականացվել էր այդ երիտասարդի սպանությունը։ Ընդ որում, զենքը հայտնաբերվել է ԼՂՀ-ում»։

Ովքե՞ր են անցել սպանության գործով
2000 թ. օգոստոսին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվում է Խոռխոռունու սպանության գործով ձերբակալված Հրայր Նարիմանյանի նամակը, որտեղ նա պնդում էր, որ այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը իրեն առաջարկել է 500,000 դոլար, միայն թե խոստովանի սպանությունը:
Նամակում նա պատմել է, որ 1998 թ. դեկտեմբերի 7-ին Ստեփանակերտից մեկնել է Երևան՝ «Ույուտ» կոոպերատիվի տնօրեն Արմեն Առաքելյանի ուղեկցությամբ: Նրանց ընկերներից մեկը բերել է ինքնաձիգ, որ պետք է վաճառեր։ Արդեն դեկտեմբերի 9-ին նրանք հանդիպում են Փարաքարի մոտ:
«Մի քիչ խոսելուց հետո ընկերներս ինձ առաջարկեցին հեռանալ: Ես մի ընկերոջ հետ BMW-ով շարժվեցի, իսկ Արմենը մյուսների հետ մնաց: Իմ մտքով անգամ չանցավ, որ դժբախտություն կարող է պատահել: Հազիվ էի 25 մետր քշել, երբ լսելով ավտոմատի կրակոց՝ արագ ետ դարձանք ու տեսանք գետնին ընկած դիակը: Ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչու սպանեցին այդ տղային: Վիճեցինք, ապա երկուսը «Մերսեդեսով» հեռացան, մնացինք երկուսով: Չգիտեինք ինչ անել. ես առաջարկեցի դիակը այդ խուլ տեղից տեղափոխել ճանապարհաեզր, որ հեշտ գտնեն»,- գրել էր նա (Ի դեպ, ուշադրություն դարձրեք «Առավոտ» օրաթերթի հրապարակմանը՝ Խոռխոռունու սպանության ենթադրյալ անմիջական կատարողին սպանելու մասին):
Նարիմանյանը գրում է, որ նույն օրը կատարվում է Վահրամ Խոռխոռունու սպանությունը: Դատախազությունը ենթադրում է, որ այս երկու դեպքերը կապված են. «Դատախազությունում մշակվեց այդ երկու սպանությունների կապի վարկածը, իբր սպանությունը իրականացրել են ղարաբաղցիները, իսկ պատվիրատուն Սամվել Բաբայանն է: Երկու օր անց՝ դեկտեմբերի 12-ին, ինձ կանչեցին Երևան, քննիչի մոտ: Քննչական խմբում մի ղարաբաղցի տղա կար, որին ես առաջարկեցի ոչ պաշտոնապես օգնել՝ ցույց տվեցի սպանության տեղը: Ես ոչինչ չունեի վախենալու, չէ՞ որ ես չէի սպանել: Անցավ մի քանի ամիս, 99-ի մարտի 30-ին գործով եկա Երևան, իսկ ապրիլի 1-ին առանց սանկցիայի 6-րդ վարչությունը ինձ ձերբակալեց: Ասացին՝ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հրամանն է: Մինչև ապրիլի 7-ը պահեցին 6-ում, ապա տեղափոխեցին ազգային անվտանգություն և միայն ապրիլի 12-ին կալանքի սանկցիայով տեղափոխեցին ժամանակավոր մեկուսարան:
Սկսվեցին իմ կյանքի ամենասև օրերը: Ինձ այցելում էին Հայաստանի Հանրապետության բոլոր «դեմքերը» և համոզում: Աղվան Հովսեփյանն ասում էր. «Կամավոր քո վրա վերցրու Խոռխոռունու և Արմենի սպանությունները»: Ես հրաժարվում էի: Առաջարկեցին 500 հազար դոլար՝ էլի հրաժարվեցի: Սկսվեց շանտաժը, որ, իբր, ես Սամվել Բաբայանի անձնական քիլլերն եմ: Սկսեցին ծեծել՝ ամեն օր, մինչև կիսամեռ անելը», - նամակում պատմում է նա:
«Հինգ ամիս անց, չդիմանալով, հանձնվեցի: Գրեցի, որ երկու սպանություններն էլ կատարել եմ մենակ: «Խոստովանությունից» հետո ԱԱ եկավ Վազգեն Սարգսյանը և ինձ ասաց. «Ես գիտեմ, որ դու չես սպանել, ինչո՞ւ ես քեզ վրա վերցրել»: Պատմեցի, որ ընտանիքիս անդամներին են ձերբակալել: Խոստացավ օգնել: Հաջորդ օրը գալիս է քննիչը և ասում, որ գրավոր հրաժարվեմ Խոռխոռունու սպանությունից: Մեծ տառապանքներից հետո կնոջս ազատեցին, եղբորս տվեցին 5 տարի՝ զենք պահելու համար: Եվ միայն այն պատճառով, որ ընկերներիս անունը չտվեցի, դիակը թողեցին ինձ վրա: Տվեցին 15 տարի, որից 5-ը պետք է անցկացնեմ Գորիսում, իսկ 10-ը՝ խիստ ռեժիմի գաղութում», - նամակում նշել է նա:
Radar Armenia-ին հաջողվեց պարզել, որ ՔԿ հաղորդագրության մեջ նշված անձանցից Հ. Ն.-ն նույն Հրայր Նարիմանյանն է, Ա. Ա.-ն՝ Արմեն Առաքելյանը:

Ի՞նչ վարկածներ են առաջ քաշվել 1998-ին
«Առավոտ» օրաթերթը դեպքից անմիջապես հետո գրել էր. «Տարածված, չստուգված լուրերի համաձայն՝ Վահրամ Խոռխոռունին ուներ բիզնեսի իր ոլորտը: Խոսվում է, որ նա զբաղվում էր ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ: Չստուգված լուրերի համաձայն՝ մոտ օրերս նա օղու մեծ խմբաքանակ էր ներմուծել: Ինֆորմացիան մեզ տրամադրողը, որը չցանկացավ ներկայանալ, նշեց, որ նրան հաջողվել էր խուսափել մաքսատուրքի և ակցիզային հարկի վճարումից: Հետևաբար, հնարավոր էր այս ապրանքը շուկա հանել չափազանց էժան գներով, ինչը, բնականաբար, «կխփեր» տնտեսվարող մյուս սուբյեկտներին»:
Այս վարկածը, սակայն, շատ արագ հերքվել էր:
Մեկ ամիս անց թերթը գրում է. «Վերջերս կրկին շրջանառության մեջ մտավ տնտեսական սպանության վարկածը: Քննչական խմբի ղեկավարները հերքեցին սպանության հնարավոր քաղաքական բնույթը. «Դա նույնիսկ մեր վարկածների մեջ չի մտնում: Սա քրեական հանցագործություն է, և սրա բացահայտման բարդությունը կայանում է նրանում, որ տուժողի վարած պաշտոնները, նրա գործունեությունը բարդացնում են հանցագործության բացահայտումը»:
Այն ժամանակ ՀՀԿ նախագահ, հետագայում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում նշել է. «Այս իրողությանը դժվար է տալ քաղաքական գնահատական: Ըստ իս, գնդապետ Խոռխոռունին զինվորական էր և չէր զբաղվում քաղաքականությամբ: Կարծում եմ, կատարված սպանությունը հին հաշիվների, անձնական խնդիրների վրա հիմնված հաշվեհարդար է»:
Կատարված սպանությունից 27 տարի անց ՔԿ-ն հայտնում է՝ Ս.Ա.-ն հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
Ի վերջո, որո՞նք էին կատարվածի իրական պատճառները, արդյո՞ք սա քաղաքական սպանություն էր, թե ոչ։

«Դու կարծում ես, հիմա ես պետք է ասեմ՝ սա քաղաքական սպանությո՞ւն է։ Ես կարծում եմ, որ քաղաքական սպանություններ մեր նման ողորմելի, փոքր երկրներում չեն լինում։ Բայց լինում են սպանություններ, որոնք ունենում են քաղաքական հետեւանքներ։ Ինձ թվում է՝ սա էլ կունենա»,- այն ժամանակ ասել էր երրորդ հանրապետության առանցքային գործիչներից մեկը՝ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը։
Վահրամ Խոռխոռունու սպանությունը նոր լիցք հաղորդեց առանց այն էլ լարված ներքաղաքական կյանքում։
Մինչ այդ նախորդել էին ներքաղաքական լրջագույն իրադարձություններ. 1998 թ. փետրվարի 3-ին հրաժարական էր տվել Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Հրաժարականի տեքստում նախագահը նշել էր. «Իշխանության Ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը»: «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված է պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ», - շարունակել էր Տեր-Պետրոսյանը:
Սահմանադրությունը խախտելով (չունենալով 10 տարվա քաղաքացիություն) և ընտրակեղծիքների արդյունքում նախագահ էր դարձել Ռոբերտ Քոչարյանը:
Իշխանության ներսում ընթանում էր լուրջ տրանսֆորմացիա։ Բացի այդ, արդեն երևան էին եկել հակասություններ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև, և այդ հակասությունները գնալով խորանում էին։
Այնպես որ, այդ իրավիճակում Վ. Սարգսյանի մերձավորի ու տեղակալի սպանությունը պատահական չէր։
Հնարավոր է՝ սա այն թափանիվն էր, որ սրընթաց գնում էր դեպի հոկտեմբերի 27-ը, և ճանապարհին արժեցավ ևս մեկ հոգու կյանք՝ սպանվեց ՆԳ և ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարյանը։ Նրա սպանությունը ևս դեռ չի բացահայտվել:
Հիշեցնենք՝ 1998 թ. հունվարի 21-ին անհայտ անձինք կրակել էին Արծրուն Մարգարյանի ոտքերի վրա, սակայն դեպքին հանրության արձագանքը այնքան էլ լուրջ չէր, և շատերը այն համարում էին մահափորձի իմիտացիա կամ ինքնավնասում: 1999 թ. փետրվարի 9-ին կեսօրին հայտնի դարձավ, որ Նոր Հաճնի ճանապարհի խաչմերուկին հարող ամայի տարածքում գտնվել է Արծրուն Մարգարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են՝ Սարգսյանի մերձավոր շրջապատում համոզում է եղել, և նրանք այդ մասին կուլիսներում խոսել են բարձրաձայն, որ Խոռխոռունու և Մարգարյանի սպանությունների թելը տանում է դեպի ԼՂ այն ժամանակվա ռազմաքաղաքական ակտիվ դեմքերից մեկը։
Բայց սա արդեն այլ պատմություն է:
Արման Գալոյան