2015թ. նոյեմբերի 26-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել՝ սկզբում անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին, ապա ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին։
Radar Armenia-ն ներկայացնում է առաջին նախագահի հոդվածի՝ ԼՂ խնդրին նվիրված հատվածը.
«Շուրջ քսանհինգամյա ընդմիջումից հետո աշխարհն այսօր թևակոխում է սառը պատերազմի մի նոր շրջափուլ, որի կիզակետերից մեկը կրկին դառնալու է Մերձավորարևելյան տարածաշրջանը։ Դրա նախանշաններն արդեն իսկ առկա են։ Եռանդուն կերպով ներքաշվելով սիրիական իրադարձությունների հորձանուտը և սերտացնելով հարաբերություններն Իրանի հետ, Ռուսաստանը բացահայտում է իր երկարատև ստրատեգիական շահերն այդ տարածաշրջանում։ Նման պարագայում ակնհայտ է, որ իր թիկունքն ապահովելու նպատակով առաջիկայում նա լուրջ քայլեր է ձեռնարկելու՝ Մերձավոր Արևելքին անմիջականորեն հարող երկրամասերում սեփական դիրքերն ամրապնդելու համար։
Այդ երկրամասերից մեկը, գուցեև ամենագլխավորը, բնականաբար, Անդրկովկասը լինելով, Ռուսաստանն իր առաջնահերթ խնդիրների շարքին է դասելու Ղարաբաղի խնդրի լուծումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, ինչի վկայությունն են, մասնավորապես, Լավրովի Բաքու և Երևան կատարած վերջին այցերը։ Խոսքն ամենևին չի վերաբերում Ռուսաստանի կողմից Ղարաբաղի հարցի լուծման ինչ-որ նոր ծրագիր պարտադրելուն, այլ ընդամենը Մինսկի խմբի եռանախագահության ջանքերով Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված ծրագրին նոր ավյուն հաղորդելուն։
Ինչևէ, Հայաստանն, ըստ այդմ, կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը ազգային լիակատար միասնություն և պետականության առավելագույն ամրապնդում է պահանջում։ Դրա փոխարեն, սակայն, ինչպես տեսանք, ռեժիմը տոգորված է ժողովրդի վզին բռնի ուժով նոր սահմանադրություն փաթաթելու խելահեղ մոլուցքով, ինչն այլ կերպ, քան ծայրահեղ անպատասխանատվություն կամ արկածախնդրություն, չի կարելի կոչել։ Իսկ փաստացի պատերազմական վիճակում զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացմանը վերաբերող դրույթն արդեն որևէ ողջամիտ մարդու ուղեղում չի կարող տեղավորվել։
Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերևս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները։ Այդ պատճառով դեռևս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսևորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլևս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու և դրանով ռեժիմի և հասարակության միջև գոյություն ունեցող անջրպետն ավելի ևս խորացնելու մտքից։
Պետական այրը երբևէ չպետք է առաջնորդվի պատվախնդրության (թասիբի) կատեգորիայով. լինում են պահեր՝ կապված երկրի ճակատագրի հետ, երբ սեփական վճռից ետ կանգնելն ավելի պատվաբեր է, քան համառելը։ Այսօր, ահա, այդպիսի բախտորոշ պահերից մեկն է, քանի որ հանրաքվեն հիրավի հղի է Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող անկանխատեսելի հետևանքներով։
Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ ստացվեց թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման լուրը, որը գալիս է ապացուցելու, թե դեռևս ինչպիսի վտանգավոր բարդացումներ են սպասվում Ուկրաինայի և Սիրիայի իրադարձություններով վերսկսված սառը պատերազմի մերձավորարևելյան թատերաբեմում՝ բարդացումներ, որոնք, դժբախտաբար, չեն կարող շրջանցել Հայաստանը։ Նման իրավիճակում սահմանադրական հանրաքվեի անցկացումը ժանտախտի ժամանակ տեղի ունեցող խրախճանքից անհնար է տարբերել»։