Ֆոտոշարք

Հռոմի պապն ու Հայաստանը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Նա 88 տարեկան էր։

Պոնտիֆիկոսը բուժում ստանալուց հետո հիվանդանոցից դուրս էր գրվել դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ին։ Մահվան նախորդ օրը՝ կիրակի, Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից շնորհավորել էր կաթոլիկներին՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ։

Ֆրանսցիսկոս Պապը  2016թ․ հունիսի 24-ին ժամանել էր Հայաստան: Հռոմի սրբազան քահանայապետի՝ Հայաստան այցի կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Նա եղել էր նաև Գյումրիում. հունիսի 25-ին Ֆրանցիսկոս Պապը Վարդանանց հրապարակում մատուցել էր սուրբ պատարագ, որին աղոթակցել էր նաև ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Պատարագը լատինական ծեսով էր, ուղեկցվել էր նաև հայկական շարականներով:

Հռոմի Պապի ու Հայաստանի իշխանությունների ևս մեկ հանդիպում էլ եղել էր արդեն 2024թ․ նոյեմբերի 18-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել էր Վատիկան։ Վարչապետը ներկայացրել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, նա նորին սրբությանը շնորհակալություն էր հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։

Ի դեպ, մահից մեկ օր առաջ Ֆրանցիսկոս Պապի՝ Զատկի տոնի առթիվ վերջին ուղերձում անդրադարձ կար նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին. մասնավորապես, նա նշել էր, որ աղոթում է երկրների միջև վերջնական խաղաղության հաստատման և տարածաշրջանի ապաքինման համար։

Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ Հռոմի Պապի՝ Հայաստան այցից և ՀՀ իշխանությունների հետ հանդիպումից։

Պատրաստեց Ալվարդ Բաղդասարյանը