Մամուլ

ՔԿ-ում բարձիթողի վիճակ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հարկաբաժինը սոդոմ-գոմոր է հիշեցնում։

Միջանցքներում ոտատակ դրված են տասնյակ համակարգիչներ, որոնք առգրավվել են տարբեր քրեական վարույթներով և ըստ էության իրեղեն ապացույց են հանդիսանում, բայց ապացույցներին ներկայացվող պահման պայմաններում չեն գտնվում։

Իսկական բարձիթողի վիճակ է, որ ցանկացած պահի` ում մտքով անցնի ինչ-որ բան տանել այնտեղից, հանգիստ կարող է դա անել։

Չնայած Քննչականից  իրեղեն ապացույց ճանաչված 590  հազար դոլարի հափշտակության դեպքից հետո արդեն ոչինչ զարմանալի չէ և կարելի է պատկերացնել, թե ինչ անհուսալի վիճակ է տիրում այս կառույցում, որի ղեկավարը դեռ քրեական գործի վրա թանաքը չչորացած վազում է Հ 1 և լիուբոլ անմեղության կանխավարկած խախտում»։