Մամուլ

Թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը` ծանոթանալու համար: Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է՝ չտրամադրելով այն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը ներկայացնի: Այսինքն` որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը:

Հիշեցնենք, որ դեռևս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետևող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը:

«Աշնանային նստաշրջանը երբ սկսվի, սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կա՛մ 30-ին կա՛մ դրա հաջորդող օրը լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, և օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց այդ օրը ներկայացվի՝ լիագումար նիստի ընթացքում»,- հայտարարել էր Քոչարյանը, որը մի քանի անգամ արդեն տարբեր օրեր է մատնանշել` իբրև զեկույցի հրապարակման ամսաթիվ, բայց չի կատարել իր խոստումը: Իրականում նրա ներկայացրած զեկույցն արդեն իրավազուրկ է, քանի որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, և զեկույցը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետներում: