Մամուլ

Աջապահյանը «փրկեց» Սերժ Սարգսյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը համաձայնեցին Էդմոն Մարուքյանի առաջարկին, որ իմպիչմենտի գործընթացում Մարուքյանի թեկնածությունը փոխարինեն Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանով։ Եռյակի շախմատային քայլն իրարանցում առաջացրեց ընդդիմադիր խմբակցություններում, Մայր Աթոռում ծավալված դեպքերին զուգահեռ, «Հայաստան» խմբակցությունը սկսեց քննարկել այդ հարցը:

Երեկոյան հայտարարեցին, որ պատրաստ են 28 պատգամավորի ստորագրություն տալ Աջապահյանի թեկնածությանը: Ասացին, որ ընդդիմադիրները հեշտ չեն կայացրել որոշումը, սակայն Աջապահյանի և իմպիչմենտի գործընթացի նկատմամբ վերապահումները մի կողմ են թողել և համաձայնել ստորագրել այդ նախաձեռնության տակ։ Հիշենք, որ Սրբազանը ժամանակին քննադատել է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին՝ համարելով, որ նրանք խանգարում են իշխանափոխությանը։

Փոխարենը «Պատիվ ունեմ» խմբակցությունը եւ ՀՀԿ-ն մինչ ուշ երեկո անհետացել էին, ասում էին, որ Սերժ Սարգսյանի հետ կապ չեն կարողացել հաստատել։ Այն թիմը, որն ամիսներով տեռորի է ենթարկել քաղաքական դաշտը, թե՝ չեք միանում իմպիչմենտին, երբ պարզվեց՝ մյուս խմբակցությունը միացել է, չգիտես ինչու, լռում էր։

Ավելի ուշ Միքայել սրբազանը հայտարարեց, թե խնդրում է իր անունը «չշահարկել» վարչապետի թեկնածուների շարքում, եւ դրանով «փրկեց» Սերժ Սարգսյանին, որը Սրբազանի հայտարարությունից հետո հանկարծ հայտարարեց, թե միանում է նրա թեկնածությանը։

Եվ, օգտվելով առիթից՝ «աբառոտկա արեց», հայտարարելով, թե քանի որ Միքայել Աջապահյանը հրաժարվել է իր թեկնածությունից, առաջարկում է միանալ Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը»։