Մամուլ

Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում.․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կրթական համակարգում անհանգիստ մթնոլորտ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում, այսօր կլրանա 4-րդ օրը, ինչ դասադուլ և գործադուլ է հայտարարվել քոլեջում։

Գորիսի պետական քոլեջում դասադուլը և գործադուլը մեկնարկել էին մայիսի 12-ին, երբ ՀՀ կառավարությունը, ինչպես ասում են գործադուլավորները, իրենց համար անընդունելի որոշում է կայացրել։

Բանն այն է, որ Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական քոլեջը, կառավարության ապրիլի 17-ի որոշման համաձայն, պետք է միաձուլվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը պատմել է որոշումից հետո քոլեջում տիրող անհնազանդ տրամադրությունների մասին։

«Կառավարության որոշման համաձայն՝ 2 քոլեջները պետք է միաձուլվեն և ստեղծվի նոր քոլեջ՝ դառնալով Գորիսի պետական բազմագործառութային քոլեջ։
Որոշումը եկավ, շատերը խնդիր չտեսան, սակայն մեկ հարց առաջացավ, թե ով է ղեկավարելու այն։

Ինձ շշուկներ են հասել, որ Գորիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենի պարտականությունները կատարողի կոլեկտիվում քննարկվել է, որ իրենք են լինելու ստեղծվող քոլեջի ղեկավար կազմը։ Սակայն, ըստ օրենքի, պետք է միավորումից հետո նշանակեն ժամանակավոր պաշտոնակատարի, ապա հայտարարվի մրցույթ։ Մրցույթին էլ ով կհաղթի, թող հաղթի։ Խոսակցություններից հետո դիմեցինք ԿԳՄՍ նախարարին և երկրի ղեկավարին»,- պատմում է Լազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր քոլեջի պաշտոնին արդեն իսկ հավակնում է Աննա Տոռոզյան անուն-ազգանունով մեկը, ով ներկայում Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց Լազարյանը, հիշյալ ժ/պ-ի սկեսուրը ևս եղել է տնօրեն, ապա պաշտոնը փոխանցել է հարսին, որն էլ հավակնում է դառնալ նոր քոլեջի՝ Գորիսի պետական բազմագործառութային քոլեջի տնօրեն։

Քոլեջի դասախոսներին ԿԳՄՍՆ-ից որևէ հստակ պատասխան չեն տվել, թե ով է դառնալու տնօրեն, ու այդ պատճառով էլ հասունացել է անժամանակ գործադուլի գաղափարը։

Գորիսում դասադուլ և գործադուլ անողների պահանջը մեկն է. նոր քոլեջի ղեկավարը ոչ մի կապ չպետք է ունենա ՔՊ-ականների հետ, ո՛չ պատգամավորի, ո՛չ մարզպետի, այլ պետք է լինի 3-րդ՝ անկախ մեկը։

Հարցին, թե գուցե սա Ձեր նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է, և Ձեր քաղաքական հայացքներն են պատճառը, Լազարյանը պատասխանեց՝ «գուցե»»։