Մամուլ

Մարտունու քաղաքապետը 1 օրում 6 գնում է արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացված գնումների գործընթացը կասկածահարույց է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար: Ինչու է տրոհված գնել, ինչպես է վերահսկվում այդ բյուջետային ծախսերը՝ անհասկանալի են մնում: Առավել ևս, որ Մարտունու համայնքապետարանը իր այս տարվա գնումների մասին տեղեկություններ չի տեղադրել պետական համապատասխան էլեկտրոնային հարթակներում, որոնք ապահովում են հանրային վերահսկողությունը։ Այս պայմաններում խախտվում է ամենաբարձր սկզբունքը՝ հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը։

Հովհաննես Հովեյանը՝ նախկինում Վարդենիկ համայնքի երկարամյա ղեկավարը (2005-2021), այժմ Մարտունու համայնքի ղեկավարն է 2021-ի դեկտեմբերի 23-ից։

Այն փաստը, որ նման ծախսերը չեն արտացոլվում հանրային տվյալների բազաներում, ակամայից առաջացնում է հարցեր՝ արդյոք գործ ունենք ուղղակի ընթացակարգային բացթողման հետ, թե մտածված մութ գործարքների։

Համայնքային ղեկավարները պարտավոր են առաջնորդվել բաց կառավարման և հաշվետվողականության սկզբունքներով։ Իսկ երբ դրանց փոխարեն ունենք «լռությամբ պատված» ծախսեր, ապա պարտականությունն արդեն դառնում է լրատվամիջոցներինը՝ բացահայտել, բարձրաձայնել ու պահանջել պատասխանատվություն»։