Մամուլ

7 տարում պետական պարտքը գրեթե կրկնակի աճել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018-ի հեղափոխությունից 7 տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ։ Այս մասին երեկ իր ասուլիսում հայտնել էր Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ստացվում է, որ պետական պարտքը կազմել է մոտ 13.6 մլրդ դոլար։

Նա վստահեցրել է, որ պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով, միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ: Նախարարն ընդգծել է նաև, որ ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի․ Հովհաննիսյանը սա բավականին լավ ցուցանիշ է համարել:

Հարկ է նշել, որ 2018 թվականի տարեվերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է մոտ 6.9 միլիարդ դոլար: Պարտքային ցուցանիշները դրական համարող նախարարի մտքով անգամ չէր էլ անցնի, որ եթե համեմատենք 2018 թվականի պետական պարտքի տվյալները, ապա կարձանագրենք, որ պետական պարտքը 2018-ից մինչև 2025-ի մարտ աճել է մոտ 6.7 միլիարդ դոլարով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։

ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը ևս աճել է, բայց չափավոր՝ մոտ 2.5 տոկոսային կետով»։