Մամուլ

Մոտ 1 տոննա կոկաինի գործով որոշում պետք է կայացվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ 1 տոննա կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման 24 ամիսը կլրանա մայիսին։ Նախաքննական մարմինը, 30 ամիսը լրանալուց հետո, պետք է որոշում կայացնի. կա՛մ կոկաինի գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ գործը ուղարկվի դատարան։

Ասել է թե՝ նախաքննական մարմինը փակուղու առաջ է. գործը մինչև վերջ հնարավոր չէ բացահայտել, և տևական ժամանակ է, ինչ գործով անցնող մեղադրյալներին իրավապահները չեն էլ «անհանգստացնում»։

Իսկ ինչպես ասել էր Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, հայտնաբերված զգալի քանակով կոկաինը «տեղում է», պահվում է ԱԱԾ-ում։

Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա.-ի և պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, սակայն քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել էր, և աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ էին արձակվել: Նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ի դեպ, այս բացահայտումից մեկ տարի անց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարել էր, որ կոկաինը եղել է 1 տոննայից ավելի, բայց փաստաթղթերի մեջ նշված է 730 կգ․ այդ դեպքում ի՞նչ է եղել 270 կգ-ն: Ըստ նախկին պատգամավորի՝ իր աշխատակիցներն են դա ստուգել, սակայն հետագայում հիշյալ 270 կգ-ի մասին որևէ տեղ չի նշվել. այն անհետացել է»։