Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Երևանում գտնվող երկրի ճանապարհաշինության նախարար Ֆարզանե Սադեղը հանդիպում է ունեցել Հայաստանի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։
Հանդիպման ժամանակ իրանցի նախարարը ընդգծել է Հյուսիս-Հարավ և Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքների կարևորությունը և կոչ արել ամրապնդել Հայաստանում ճանապարհային, երկաթուղային և լոգիստիկ ենթակառուցվածքները՝ ապրանքների տեղափոխումը հեշտացնելու համար։
Ըստ գործակալության՝ Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետում երկրորդ կամրջի կառուցման և գոյություն ունեցող կամրջի բարելավման, տերմինալների կարգավորման և բեռնատարների համար վճարների ճշգրտման վերաբերյալ:
Այս միջոցառումները նպատակ ունեն հեշտացնել երկու երկրների բեռնատարների տեղաշարժը և ավարտին հասցնել տարանցման փաթեթը, որը վերջնականապես կհաստատվի առաջիկա ամիսներին:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Ջուղա-Երևան-Վրաստան երկաթուղու վերաբացումը համարել է տարածաշրջանային տարանցումը հեշտացնելու կարևոր քայլ և Իրանի նախագահի այցը Հայաստան համարել շրջադարձային կետ Թեհրան-Երևան հարաբերությունների զարգացման գործում տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում։
Կարևորվել է նաև Պարսից ծոցի ռազմավարական կապը Սև ծովի հետ: Իրանցի նախարարը նշել է, որ Ջուղա տանող երկաթուղին արդեն գոյություն ունի, և դրա շարունակությունը Նախիջևանից Երևան հաստատվել է:
«Այս երկաթուղագիծը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Եվրոպայի միջև տարանցման գործում: Օդային տրանսպորտի ոլորտում պատրաստվել են նաև հուշագրերի նախագծեր, որոնք շուտով կստորագրվեն»,- ասել է Ֆարզանե Սադեղը։