Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը հայտարարություն է տարածել, որտեղ ողջունել է ԱՄՆ միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի միջև կնքված համաձայնագրերը։
«Կանադան ողջունում է անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կնքված համաձայնագրերը։
Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրելով և միաժամանակ ճանաչելով միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ այս երկրները կարևոր քայլեր են ձեռնարկել տարածաշրջանի ժողովուրդների համար արդար և կայուն խաղաղության ուղղությամբ։
«Կանադան խրախուսում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը և Վաշինգտոնում համաձայնագրի կնքման գործում ձեռք բերված նվաճումները։
Այս բնույթի համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել դիվանագիտական բանակցությունների միջոցով, հստակ ուղի են բացում դեպի Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղություն, որը կօգնի լուծել մնացած խնդիրները, այդ թվում՝ բոլոր հայ կալանավորվածների և ռազմագերիների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը և մշակութային ժառանգության պահպանումը։
«Կանադան ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը և շարունակում է հանձնառու մնալ՝ աջակցելու ցանկացած ապագա մեխանիզմի, որը կապահովի ուժի չկիրառման սկզբունքները, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի հարգանքը։
Կանադան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային քաղաքական լուծման հասնելու հարցում»,- այս մասին ասվում է երկրի ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ։