«Հստակ է, որ իրանական կողմը փորձելու է Հայաստանի հետ ակտիվ աշխատել, որպեսզի, իրենց տեսանկյունից, ավելի անվտանգ, կայուն և կանխատեսելի իրավիճակ ունենան»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետՋոնի Մելիքյանը՝ անդրադառնալով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությանը, ըստ որի՝ Թեհրանը պետք է շտապ բարելավի հարաբերությունները հարևան երկրների հետ։
Մելիքյանի խոսքով՝ Իրանը տասնյակից ավելի հարևաններ ունի, և Հայաստանը, որպես բարեկամ երկիր, Իրանի համար կարևոր է․ «Ուստի այս պարագայում, վերջին զարգացումների ֆոնին, երբ անգամ մեդիայում քննարկումներ եղան ամերիկյան այսպես կոչված առաջարկի շուրջ, տեղի ունեցան հայ-իրանական ակտիվ բանակցություններ․ թե՛ Փեզեշքիանն էր զանգել, թե՛ Արմեն Գրիգորյանը իր կոլեգային։ Դա ցույց էր տալիս, որ իրանական կողմում կա որոշակի մտահոգություն՝ տարածաշրջանում իրանական ճանապարհի ապագայի հետ կապված», – ասաց նա։
Փեզեշքիանը նշել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, որպես «մեծ ներուժ» ունեցող երկրներ, որոնց հետ պետք է ակտիվացնել փոխադարձ համագործակցությունը՝ ընդհանուր շահերը ապահովելու համար։ Ջ. Մելիքյանը, անդրադառնալով այս ձևակերպման նշանակությանը, նշեց․ «Հայաստանը կարող է այն, ինչը մեր իրավասության տակ է գտնվում հիմա․ մենք տասնյակ տարիներ բարդ Արևմուտք–Իրան հարաբերությունների ֆոնին կարողացել ենք գոնե ինչ-որ նվազագույն հարաբերություններ ապահովել և առևտրատնտեսական համագործակցություն», – ասաց նա և հավելեց․ «Լավ է, եթե այսօր իրենք ցանկություն ունեն ինչ-որ չափով ավելի ակտիվացնել հարաբերությունները»։
Նրա դիտարկմամբ՝ եթե Արևմուտք–Իրան հարաբերություններում, ՄԱԳԱՏԷ-ի, ԱՄՆ-ի կամ եվրոպական երկրների հետ իրավիճակը փոխվի և նոր բանակցությունների փուլ սկսվի, նոր զարգացումներ լինեն, ապա Հայաստանը հնարավորություն կունենա էլ ավելի խորացնելու հարաբերությունները․ «Գիտենք, որ ճգնաժամը և պատժամիջոցները, որոնք Արևմուտքը կիրառում է Իրանի նկատմամբ, ինչ-որ չափով սահմանափակում են մեր հարաբերությունները, և որքան ճնշումները դրսից պակասեն, այնքան ավելի դրական ֆոն կստեղծվի հարաբերությունների համար»։
Լիլիթ Աբրահամյան