Քաղաքական

Ամերիկյան առաջարկը կարող է լինել Նեթանյահուի գաղափարը. Բեգիջանյան

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր հայտարարել է, որ դրական է վերաբերվում տարածաշրջանում հաղորդակցական ուղիների զարգացմանը, սակայն դարձյալ զգուշացրել է․ «Ուղիների զարգացումը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության կամ ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավման, ինչը մենք չենք համարում օգտակար տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»։

Radar Armenia-ի հետ զրույցում իրանագետ Էմմա Բեգիջանյանն ասաց, որ Իրանի նման արձագանքը սպասելի էր։ «Իրանը միշտ՝ արդեն 35 տարի, դեմ է եղել տարածաշրջանից դուրս գտնվող երկրների տարածաշրջանի հարցերին խառնվելու փորձերին։ Ուստի նա չէր կարող հստակ կարծիք չհայտնել, երբ արդեն միջազգային մակարդակով տարածում է գտնում տեղեկությունը, որ ամերիկյան ինչ-որ ընկերություն կարող է վերահսկել Զանգեզուրի միջանցքը, և հատկապես երբ պարզ դարձավ, որ Հայաստանն էլ է բարձր մակարդակով բացասական դիրքորոշում արտահայտել։ Իսկ Իրանի համար Ամերիկա նշանակում է Իսրայել՝ հետը, որն, իհարկե, շատ անցանկալի, մերժելի բան է»,– մանրամասնեց նա՝ հավելելով, որ Իրանը սպասում էր Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը։

Հաշվի առնելով նաև իրանական մամուլում առկա մեկնաբանությունները՝ Բեգիջանյանը նշեց, որ Իրանի համար մտահոգիչ է, թե ինչ կազմակերպության կլինի վերահսկողությունը, հետևում ի՞նչ ուժ կլինի և ի՞նչ նպատակներ կունենա․ «Դա գուցե լինի Ադրբեջանի թուրքական մասնավոր միջանցք։ Բացի այդ՝ եթե Ադրբեջանը կաշառում է բարձրաստիճան պաշտոնյաների, ապա ի՞նչ երաշխիք, որ չի կաշառի այդ ընկերությանը՝ օրինակ Իսրայելին ծառայելու նպատակով։ Որովհետև այսպիսի առաջարկը կարող էր բխել հենց Իսրայելի շահերից»,– ընդգծեց բանախոսը։

Բեգիջանյանը չբացառեց, որ հենց Նեթանյահուն է նման առաջարկություն արել։

«Սակայն, եթե Հայաստանն ինքնուրույն որոշում կայացնի և Իրանին հասկացնի, որ, կոպիտ ասած, դա իր գործը չէ, Իրանը ոչինչ չի կարողանա անել։ Որովհետև ճանապարհների փակ մնալը նույնիսկ Իրանի համար ձեռնտու է։ Իրանը ոչ մի վնաս չի կրելու։ Մենք ենք մնում մի ճանապարհի հույսին և մեզ զրկում շատ հնարավորություններից։ Այնպես որ մենք լիովին իրավունք ունենք և պետք է կայացնենք մեր շահերից բխող ինքնիշխան որոշում։ Դա հետևանք չի ունենա և չի ազդի ոչ միայն Հայաստանի վրա, այլև Ամերիկայի կամ ԵՄ-ի առաջարկների ճանապարհին խոչընդոտ չի լինի»,- ասաց նա։

Մյուս կողմից, փորձագետի խոսքով, Իրանի արձագանքն այլ կլինի և գուցե միջամտի, եթե Հայաստանն ասի՝ «չեմ ուզում, բայց չեմ կարող, ստիպված եմ համաձայնել ինչ-որ տարբերակի՝ ամերիկյան, ռուսական թե այլ»։