Քաղաքական

ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Արփինե Սարգսյանի ու Իրակլի Կոբախիձեի հանդիպումից

Հուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։

Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության բացառիկ կարևորությունը։

Այս համատեքստում Վրաստանի վարչապետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ փաստաթուղթը մոտ ապագայում կստորագրվի։

Իրակլի Կոբախիձեն վերահաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ապագայում ևս նպաստելու երկխոսությանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։