Քաղաքական

Մանկապարտեզ կա՝ Կասկադում սրճարան է դարձել. Արմեն Գալջյան

Մայրաքաղաքում 1991թ. ի վեր մանկապարտեզների օտարման հանգամանքները քննող հանձնաժողովը սկսել է աշխատանքները։

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացավ ավագանու որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջին նիստը։ 

«Մանկապարտեզ գիտեմ՝ Կասկադում սրճարան է դարձել Կենտրոնի նախկին թաղապետի և նախկին քաղաքապետի ձեռամբ։ Պետք է հասկանալ՝ ոնց է դա տեղի ունեցել»,- ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, հանձնաժողովի նախագահ Արմեն Գալջյանը:

Հանձնաժողովը թեև քննում է 1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ. մայրաքաղաքին կամ նախկին թաղային համայնքներին պատկանող մանկապարտեզների օտարման հանգամանքները, սակայն, ինչպես նշեց Գալջյանը, գործընթացները տեղի են ունեցել հիմնականում 1998-2008թթ.։

Նրա խոսքով՝ թեև տվյալներ կան շուրջ 40 մանկապարտեզի մասին, այնուամենայնիվ, իր տեղեկություններով, խնդրահարույց մանկապարտեզների թիվը մոտ 80 է։

«Առնվազն 3 դեպք կա, որոնք արդեն տարօրինակ են. Կենտրոնում մի շարք մանկապարտեզներ օտարվել են, որոնց վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Երկրորդ դեպքում սանիտարահիգիենիկ պայմանների հիմքով մանկապարտեզ է փակվել, որտեղ մինչև հիմա 1000-ից ավելի հերթ կա, երրորդ դեպքը՝ սեյսմակայունության հիմքով փոխանակ շենքը քանդեն, նորը սարքեն, 5 մլն դրամով վաճառել են 1284 մ² շենքը։ Պետք է հասկանալ՝ 5 մլն դրամը 2004թ. որքանով է օբյեկտիվ գին եղել, և արդյոք օտարելու հիմք եղել է, թե ոչ»,- ասել է Գալջյանը։  

Նիստի ժամանակ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը ներկայացրեց՝ քանի երեխա է այս պահին հերթում սպասում մանկապարտեզ հաճախելու համար։ 

• Կենտրոն՝ 1597

• Արաբկիր՝ 1292

• Աջափնյակ՝ 1540

• Ավան՝ 803

• Դավթաշեն՝ 824

• Էրեբունի՝ 1800

• Մալաթիա-Սեբաստիա՝ 2270

• Նոր Նորք՝ 1843

• Նորք Մարաշ՝ 172

• Նուբարաշեն՝ 291

• Շենգավիթ՝ 2782

• Քանաքեռ-Զեյթուն՝ 1000

Խաչատրյանը նշեց, որ նոր ուսումնական տարում ընդունելության կազմակերպումից հետո թվերը կփոխվեն։ 

«Ընդհանուր առմամբ, հերթում սպասողների թիվը շուրջ 17 հազար է, որոնցից 7000-ը՝ կրտսեր տարիքային խմբի՝ 2023թ. հետո ծնված երեխաներ։ Ունեն ավելի վաղ տարիքում մանկապարտեզ հաճախելու իրավունք, բայց հաշվի առնելով, որ այդ ճոխությունը չենք կարող թույլ տալ և հիմնականում կազմակերպում ենք 3 տարեկանից, մսուրային խմբեր ունենք, որ 108 է այս պահին։ Այսինքն, եթե այդ մսուրային խմբերը հանենք, 10.000 երեխա 3-5 տարեկան է։ Ավարտողների թիվը շուրջ 8000 է։ Այսինքն, 10 հազարից 8000-ը կհաճախեն»,- մանրամասնել է նա։

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյանը նշեց, որ փոխանակ կանխատեսեին, որ ապագայում այսպիսի հերթեր են գոյանալու, ու ստեղծվեին պայմաններ, որ երեխաներն անցնեն այդ անհրաժեշտ, կարևորագույն փուլը, հակառակն է արվել։ 

«Մանրամասն պետք է տեսնել. ենթադրենք, X մանկապարտեզն օտարվել է, որո՞նք են եղել դրա հիմքերը, արդյո՞ք այդ քաղաքական որոշումը ճիշտ է եղել։ Ենթադրենք, սանիտարական բժիշկը այսպիսի որոշում է կայացրել, հնարավոր չէ՞ր այնպիսի միջավայր ստեղծել, որ սանիտարական նորմերը պահպանվեին։ Հիմա էլ կարող են սանիտարական որոշակի շեղումներ լինել։ Ամենօրյա մոնիտորինգի արդյունքում վերացվում են, ոչ թե թողնում են՝ դրանք այն աստիճանի խորանան, որ վերջում ասես՝ մանկապարտեզ ենք փակում։ Սանիտարական խնդիրները, կարծում եմ, հնարավոր բաներ են լուծելու, անհնար պրոցեսներ չկան, որ կարելի էր կազմակերպել, կամ դրա հիմքով չփակվեր։ Կամ կան, որ վթարային շենքեր են եղել, բայց եթե կանխատեսում ենք, որ հերթեր են լինելու, որոշակի գումարներ հայթայթես, առաջիկա զարգացման ծրագրերում ներառես այդ մանկապարտեզները»,- ասել է նա։ 

Հանձնաժողովի նիստին ներկա էր 12 անդամից 7-ը։ Արմեն Գալջյանը նշեց, որ «Մայր Հայաստան» խմբակցությունը հրաժարվել է մասնակցել հանձնաժողովի նիստերին, իսկ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել, բայց որևէ մեկը չի եկել։ 

«Նամակ ստացա երեկ պարոն Թորոսյանից, որ ինքը և Սեդա Տեր-Մինասյանն առհասարակ չեն մասնակցելու աշխատանքներին։ Այդ գործելաոճն ընդունելի չի լինելու։ Եթե մեր գործընկերները մինչև հաջորդ նիստն այդ դիրքորոշումը չփոխեն, ես ստիպված կլինեմ հարցը ներկայացնել ավագանու քննարկմանը և նրանց հանել կազմից, հատկապես, որ այլ անձինք կան, որ պատրաստակամ են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց Գալջյանը։