Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը շատ առումներով համընկնում է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որը նպաստում է կապերի և տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Այսպիսով ինչպե՞ս եք Դուք տեսնում այս երկու նախաձեռնությունների միջև սիներգիան։
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը տված հարցազրույցում իրեն ուղղված հարցին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է.
«Ակնհայտ է, որ ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր որոնման մի մասը՝ միտված նոր կամ ավելի լավ կապեր ստեղծելուն։ Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն ամբողջությամբ համընկնում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տեսլականի հետ։ Հիմնականում գաղափարը կայանում է Եվրոպայի և Արևելյան Ասիայի, Փարիզի և Պեկինի միջև ավելի լավ կապերի ապահովման մեջ, և մենք հստակ տեսնում ենք ապրանքների և մարդկանց ազատ և հարթ տեղաշարժը Փարիզից դեպի Պեկին, Ֆրանսիայից՝ Հարավային Կովկասի, Հայաստանի, ապա՝ Կենտրոնական Ասիայի, օրինակ՝ Ղազախստանի միջոցով դեպի Չինաստան։
Եվ եթե այս ավելի լավ կապուղին կյանքի կոչվի և հարթ գործի, կոչեք այն «Խաղաղության խաչմերուկ», կոչեք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», օգտակար կլինի բոլոր երկրներին և բոլոր ժողովուրդներին և կօգնի կառավարություններին ապահովել կամ հասնել իրենց գլխավոր նպատակին՝ իրենց քաղաքացիների բարօրության և երջանկության ապահովմանը։ Այս աշնանը Չինաստանի Տյանցին քաղաքում կկայանա Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ որպես ՇՀԿ երկխոսության գործընկեր՝ Հայաստանը տեսնում է իր ամբողջական առևտրի աճը Չինաստանի հետ տարեցտարի»։
Ինչպես Շանհայի համագործակցության կազմակերպության՝ կանաչ զարգացման և թվային տնտեսության ուղղվածությունը կարող է նոր հնարավորություններ բերել երկու երկրներին։
«Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և կազմակերպության հիմնարար սկզբունքները, շատ կարևոր են Հայաստանի համար։ Եկեք հիշենք դրանցից որոշները՝ տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ուժի չկիրառում։
Սա լիովին այն է, ինչի վրա Հայաստանն այսօր կառուցում է իր արտաքին քաղաքականությունը։ Այսպիսով, այս սկզբունքները շատ կարևոր են մեզ համար։ Բայց նաև, որպես լրացում, մենք տեսնում ենք, որ մի շարք այլ օրակարգեր նույնպես առաջ են մղվում կազմակերպության շրջանակներում, Դուք նշեցիք դրանցից մի քանիսը՝ արհեստական բանականություն, թվային տնտեսություն, կանաչ անցում, կլիմայական խնդիրներ։
Այս թեմաներն էլ են կարևոր մեզ համար։ Եկեք հիշենք միայն մեկ փաստ, կարծում եմ՝ դա բավարար ցուցիչ է։ Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի հիմնական մասերից մեկը, կասեի՝ ամենամեծ մասը, կանաչ տեխնոլոգիաներն են։
Ուստի նորից, որպես լրացում, երբ մենք մի փոքր ավելի լայն ենք խոսում կլիմայական խնդիրների մասին, կենսաբազմազանությունը, ապա կլիմայական խնդիրները նույնպես շատ կարևոր են Հայաստանի համար։ Հաջորդ տարի մենք պատրաստվում ենք հյուրընկալել կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովը, և պատրաստվելով մեզ համար այս կարևոր իրադարձությանը՝ մենք նաև այս համատեքստում ենք ակնկալում Չինաստանի հետ համագործակցություն։ Ես սա ասում եմ՝ ցույց տալու, Հայաստանի Հանրապետության հետաքրքրությունն այս կազմակերպության գործունեության և մեր համագործակցության ծավալման հարցում։
Ավելին, մենք որոշել ենք ընդլայնել, մեծացնել մեր մասնակցությունն այս կազմակերպությունում։ Ի դեպ, սա նաև հայկական և չինական պատվիրակությունների միջև քննարկումների, բանակցությունների թեմաներից մեկն էր։ Մենք հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը՝ ցանկությունը մեծացնել մեր դերն այս կազմակերպությունում։ Եվ հուսով ենք, որ մեր այս ձգտումները կողջունվեն անդամ պետությունների կողմից»,- ասել է Միրզոյանը։