Քաղաքական

Դատախազը չբացառեց այլ պատգամավորների ևս անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելը

Գալստանյանի կեցավայրում արված ձայնագրություններում այլ մարդիկ ևս գալիս, գնում են, օրինակ, Իշխան Սաղաթելյանը. ԱԺ-ում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով գլխավոր դատախազին։ 

«Ըստ էության, խոսակցություններում մի ամբողջ կուսակցություն է ծառայեցվում այս պրոցեսն իրականացնելու համար։ Իշխան Սաղաթելյանը թվեր է խոստանում, Գառնիկ Դանիելյանն էլ այն մարդկանցից մեկն էր, որ խուզարկությունների օրը Վազգեն Գալստանյանի կեցավայրում հայտարարեց, թե ինքն է այդ կեցավայրի վարձի փողը տալիս։ Այսինքն, մի վայրի վարձի փող, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում»,- ասել է Հովհաննիսյանը։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն, ի պատասխան, նշել է, որ Էլի անձինք կան, որոնց վերաբերյալ քննչական, ստուգողական  գործողություններ են կատարվում։

«Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի ԱԺ»,- ասել է Վարդապետյանը։ 

Նա նաև խնդրել է կանխատեսական դատողություններ չանել, այլ թողնել, որ քննությունն ինտենսիվ ընթանա. «Չի բացառվում՝ այլ անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ ու ազատազրկման հետ կապված միջնորդություններ լինեն»։