ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հապարակված ձայնագրություններում իր անունը հիշատակելուն.
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես շարժման ակտիվ աջակիցներից եմ եղել, և վստահաբար կարող եմ պնդել, որ Բագրատ սրբազանը, Արթուր Սարգսյանը, որոնք կալանավորված են, օրենքից դուրս որևէ քայլ չեն արել»,- ասել է նա։
«Այս շոուն կազմակերպել են, որ դիմադրության օջախները, պայքարող մարդկանց կարողանան կեղծ մեղադրանքներով լցնել բանտերը»,- ասել է նա։
Հարցին՝ կարո՞ղ են իր ետևից էլ գալ, Սաղաթելյանն արձագանքել է.
«Բարով գան. ոնց գան, նենց կգնան։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք»։
Նա նշել է, որ բազմիցս եղել է Գալստանյանի կեցավայրում, քննարկումներ են անցկացրել, բայց ահաբեկչության մասին որևէ խոսակցություն չի եղել։
Ինչ վերաբերում է ճանապարհներ փակելուն, Սաղաթելյանն ասել է, որ այդ քայլերն արել են նախկինում էլ՝ «Դիմադրության» շարժման և «Սրբազան» շարժման ժամանակ փակվել են թե ճանապարհներ, թե մայրուղիներ։ Իսկ խմբեր կազմավորել են՝ ոչ թե ահաբեկչություն իրականացնելու, այլ՝ անհնազանդության ակցիաներ անելու համար։