Քաղաքական

ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

2025թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։

Նախարարն ու ԵՄ բարձր ներկայացուցիչը ընդգծել են, որ Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել։

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստանի և Եվրոպական միության միջև հավակնոտ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Այս համապարփակ շրջանակը վկայում է հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու փոխադարձ ցանկության մասին և արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները, ինչպես նաև հաստատվել է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց մեկնարկելու մասին ՀՀ օրենքով։

Ավելի խորը գործընկերության համատեղ տեսլական

Գործընկերության նոր օրակարգը ձևակերպում է ավելի խոր, ամուր և դիվերսիֆիկացված գործընկերության տեսլական։ Այն նպատակ ունի իրացնելու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջ ներուժը՝ ուղղորդելով ջանքերը դեպի ուժեղացնելու Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և կայուն զարգացան ամրապնդմանը։ Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել Եվրոպական միության հետ՝ խթանելու ավելի անվտանգ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա, ինչպես նաև նպաստելու խաղաղություն ու կայունություն Հարավային Կովկասում։

Համագործակցության առաջնային ոլորտներ

Գործընկերության օրակարգը սահմանում է համագործակցության կոնկրետ գործողություններ՝ ընդգրկելով մի շարք ոլորտներ և արտացոլելով ընդհանուր շահերի լայն շրջանակ։ Հիմնական առաջնահերթությունները ներառում են՝

- Ժողովրդավարության, մարդու իրավունքների և լավ կառավարման ամրապնդում. իրավունքի գերակայության ամրապնդում, արդարադատության ոլորտի բարեփոխումների առաջմղում, կոռուպցիայի դեմ պայքար և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովում։

- Ազատության, շարժունակության և անվտանգության խթանում. վիզաների ազատականացման շուրջ կառուցվածքային երկխոսության առաջմղում, սահմանների կառավարման ամրապնդում և իրավապահ մարմինների համագործակցության խորացում՝ կազմակերպված հանցավորության և այլ ընդհանուր անվտանգության մարտահրավերների դեմ պայքարելու համար։

- Արտաքին և անվտանգության քաղաքականության համագործակցության խորացում. անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլի մեկնարկ՝ Հայաստանի դիմակայունությունն ու կայունությունը բարձրացնելու, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների դեմ պայքարելու համար։

- Տնտեսական դիմակայունության և փոխկապակցվածության խթանում. կայուն տնտեսական աճի խթանում տրանսպորտի, էներգետիկայի և թվային ոլորտներում կապակցվածության ընդլայնման միջոցով՝ համահունչ ԵՄ-ի «Գլոբալ դարպաս» ռազմավարությանը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը համահունչ։

- Առևտրի և տնտեսական ինտեգրացիայի ընդլայնում. երկկողմ առևտրի հետագա դիվերսիֆիկացում և շուկայի հասանելիության բարելավում՝ ներառյալ ԵՄ ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին աստիճանական մերձեցում։

- Մարդկանց միջև կապերի խթանում. հասարակությունների միջև ավելի խորը կապերի խթանում՝ հետազոտությունների և նորարարությունների, կրթության և երիտասարդների շարժունակության, ինչպես նաև մշակույթի ոլորտում ընդլայնված համագործակցության միջոցով։ 

Հաջորդ քայլեր

Բանակցությունների ավարտից հետո Գործընկերության օրակարգի համաձայնեցված տեքստը կանցնի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով։ Ընդունումից հետո Օրակարգը կծառայի որպես համագործակցության ուղենիշ։

Մենք անհամբեր սպասում ենք Եվրոպական միության հետ այս հավակնոտ նոր փուլի մեկնարկին՝ ի շահ մեր քաղաքացիների և խաղաղ ու բարեկեցիկ տարածաշրջանի խթանման։