ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարություններին, որ «եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են»։
«Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում՝ պարոն Լավրովն օգտագործել է «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Պարոն Լավրովի տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ-ում չկա իշխանության պայքար եկեղեցու դեմ։ Ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու և, համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների, ոչ իրավական ձևով մասնակցություն ունենալու ցանկությանը, այն է՝ ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթը։
Սա իրավական պրոցես է, և սա ՀՀ ներքին գործն է»։
Միրզոյանը նաև նշել է. «Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին ու ներքին քաղաքականությանը։
Կուզեի օգտվել առիթից և նույն կոչն անել պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։
ՌԴ պաշտոնյաները, խորհրդարանականներ և մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»։